Զարմանում եմ, որ այդպես շուտ լքում եք նրան, ով Քրիստոսի շնորհով կանչեց ձեզ, եւ դառնում եք դեպի ուրիշ ավետարան. բայց ուրիշ աւետարան չկա. կան ոմանք, որ խռովություն են սերմանում ձեր մեջ եւ ուզում են շուռ տալ Քրիստոսի Ավետարանը: Եթե նույնիսկ մենք կամ Երկնքից մի հրեշտակ ավետարանի ձեզ ավելին, քան այն, որ մենք ավետարանեցինք ձեզ, նզովյա՛լ լինի:
Գաղ. 1;6-8
«Եհովայի վկաներ» անվանյալ աղանդի ղեկավարության հրատարակած գրականությունը իրական հեքիաթի է նման, իր հավիտենական երջանիկ կյանքի խոստումներով, կյանք, որ պիտի հաստատվի Երկիր մոլորակի վրա:
Սակայն այդ հեքիաթի պատրանքը ցնդում է, երբ բացում ես Սուրբ Գիրքը (ո՛չ նրանց կողմից նենգափոխված) եւ հասկանում, որ մեր մոլորակը արդեն չափազանց մոլորված է, եւ մարդիկ, որ դուրս են Եկեղեցուց` փրկության տապանից, շեղվել են շանապարհից, կորցրել են ճշմարտությունը եւ դադարել են ապրելուց:
Դեռեւս Եկեղեցու հիմնադրումից առաջ, երբ Տերը երկրի վրա էր, չէր փառավորվել եւ չէր առաքել Իր Սուրբ Հոգին, Նա զգուշացնում էր մեզ. «Սուտ քրիստոսներ եւ սուտ մարգարեներ պիտի ելնեն եւ մեծամեծ նշաններ պիտի ցույց տան` Աստծո ընտրյալներին անգամ մոլորեցնելու աստիճան, եթե հնար լինի», «բայց դուք զգու՛շ եղեք, ահա սկզբից ձեզ ամեն ինչ ասացի» (Մատթ. 24; 24, Մարկ. 13; 23):
Իսկ Եկեղեցու հիմնադրումից հետո աստվածատես Պողոս առաքյալը, որ սկզբում նախանձախնդրորեն հալածում էր Սուրբ Եկեղեցին, իսկ մեր Տեր Հիսուսի մի հայտնությունից հետո նույն նախանձախնդրությամբ հալածվում նրա Եկեղեցու թշնամիների եւ հակառակորդների կողմից, մարգարեանում է բաներ, որ մեր ժամանակներում արդեն անժխտելի իրականություն են. «Եվ Սուրբ Հոգին հայտնապես ասում է, թե վերջին ժամանակներում ոմանք պիտի հեռանան հավատից եւ իրենց ուշադրությունը պիտի դարձնեն մոլորեցնող ոգիների եւ դեւերի վարդապետությունների վրա», «քանզի պիտի գա ժամանակ եւ չպիտի անսան ողջամիտ վարդապետությանը,այլ ականջները պիտի դարձնեն ճշմարտությունից ու պիտի մոլորվեն գնան առասպելների ետեւից» (Ա Տիմ. 4; 1, Բ Տիմ 4;3-4): Իսկ առաքյալի այս խոսքը կարծես վերաբերվում է եհովայի վկաներին. «Նրանց մեջ կան այնպիսիք, որ մտնում են տնից տուն եւ գերում մեղքերով ծանրաբեռն կանանց» (Բ Տիմ.3; 6): Մեր դռները ծեծող եհովայի վկաների մեծ մասը «գերված» կանայք եւ աղջիկներն են:
Համաձայն սուրբ առաքյալի, այն մարդը, որ դեմ է Եկեղեցու դավանությանը, «գոռոզամիտ է եւ ոչինչ չգիտի, այլ բռնված է մտքով ապականված եւ ճշմարտությունից հեռացած մարդկանց միջեւ հակառակություն եւ խնդիրներ առաջացնելու հիվանդությամբ, մարդիկ, որոնք շահի աղբյուր են համարում աստվածպաշտությունը» (Ա Տիմ. 6;4-5): Այդպիսին են մեր ժամանակների բոլոր աղանդների հիմնադիրները:
Եհովայի վկաները հակառակ են մեր Սուրբ Եկեղեցու դավանած բոլոր հիմնարար ճշմարտություններին` Սուրբ Երրորդությանը, Սուրբ Հոգուն, Հիսուս Քրիստոսի Աստվածությանը եւ հենց Եկեղեցուն:
Մեր խոսքը ավարտենք սուրբ Պողոս առաքյալի հորդորներով. «Իսկ դու, ո՛վ մարդ Աստծո, փախի՛ր այդ բաներից եւ գնա՛ արդարության, աստվածապաշտության, հավատի, սիրո, համբերության եւ հեզության հետեւից, հավատի բարի մա՛րտը մղիր եւ պի՛նդ կառչիր հավիտենական կյանքից, որին կանչվեցիր» (Ա Տիմ. 6; 11):
Երեցկին՝ Լիլիթ Հովհաննիսյան
Գորիս